Մուրադ Հասրաթյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա
հունվարի 19-ին՝ երկուշաբթի, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ 17:30-19:30։
Վերջին հրաժեշտը՝ հունվարի 20-ին՝ երեքշաբթի, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ 11:30-13:00։
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ծանր ու անդառնալի կորուստ կրեց։ 2026 թվականի հունվարի 15-ին՝ 91 տարեկանում կյանքից հեռացավ հայ ճարտարապետագիտության պատրիարք, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, Ճարտարապետության բաժնի երկարամյա վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը։
Մ. Հասրաթյանը ծնվել է 1935 թ. հունիսի 20-ին Երևանում, անվանի պատմաբան-բանասեր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մորուս (Մարգար) Հասրաթյանի և ՀՍՍՀ վաստակավոր ուսուցչուհի Սիրանուշ Մարտիրոսյան-Հասրաթյանի ընտանիքում: 1952-ին Ոսկե մեդալով ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան արական միջնակարգ դպրոցը՝ Մ. Հասրաթյանն ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժանմունք, որը գերազանցությամբ ավարտել է 1958-ին:
1958-ին Մ. Հասրաթյանը, որպես ավագ ճարտարապետ, աշխատանքի է անցել նորաբաց «Երևաննախագիծ» ինստիտուտի Գևորգ Թամանյանի արվեստանոցում: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի և վարչական շենքեր, դպրոցներ, նա հեղինակել է Լուկաշինի անվան սովտնտեսության և Քանաքեռհէկ-ի բնակելի ավանների հատակագծերը: Եվ դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեր Մ. Հասրաթյանի ստեղծագործական կյանքը, եթե նա շարունակեր նախագծող ճարտարապետի իր խոստումնալից գործունեությունը: Երիտասարդական կառույցների նախագծման համար 1970-ին երիտասարդ ճարտարապետն արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի, իսկ տասնամյակներ անց՝ 2007-ին՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման:
Սակայն այլ էր երիտասարդ ճարտարապետի ուղին. նա պիտի դառնար արժանավոր շառավիղ Հասրաթյանների գիտական գերդաստանի, պիտի նվիրվեր գիտությանը, գնալով հոր՝ վաստակաշատ հայագետ, ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Մորուս Հասրաթյանի հետքերով: Մանավանդ որ գրիչը նույնքան հոգեհարազատ էր Մ. Հասրաթյանին, որքան նախագծողի մատիտը. դեռևս 11 տարեկանից նա «Պիոներ կանչ» թերթի ակտիվ ընթերցողն էր ու թղթակիցը, և այդ թերթի էջերում էլ հենց տպագրվեց Մ. Հասրաթյանի անդրանիկ հոդվածը՝ «Ես պահանջում եմ» վերնագրով:
1964 թ. ապրիլից Մ. Հասրաթյանի գիտաստեղծագործական և գիտակազմակերպական գործունեությունն անխզելիորեն կապվեց ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի հետ նախ՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ ինստիտուտի գիտքարտուղար, իսկ 1971-1976 թթ., զուգահեռաբար՝ նաև Արվեստի ինստիտուտում գործող՝ Արվեստագիտության և ճարտարապետության գիտական աստիճանաշնորհման խորհրդի գիտքարտուղար: 1979 թ. Մ. Հասրաթյանը նշանակվել է ինստիտուտի Պատմության և մշակույթի հուշարձանների համահավաքի նորաստեղծ բաժնի վարիչ՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1985 թ.: 1988 թ. ապրիլի 15-ից մինչ 2026 թվականի հունվար Մ. Հասրաթյանը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչն է, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ տնօրենի խորհրդականը:
1969 թ. Մ. Հասրաթյանը պաշտպանել է ատենախոսություն՝ «Սյունիքի XVII-XVIII դդ. ճարտարապետական համալիրները» թեմայով (առանց գիտական ղեկավարի) և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան: 1973 թ. ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից Հասրաթյանն ստացել է «ավագ գիտական աշխատողի» կոչում՝ «Ճարտարապետության տեսություն և պատմություն» մասնագիտության գծով:
1993-ին Մ. Հասրաթյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայաստանի XV-XIX դ. սկզբի ճարտարապետությունը» թեմայով և ստացել Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության դոկտորի գիտական աստիճան: 2003-ին Մ. Հասրաթյանը ստացել է «ճարտարապետություն» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի առաջադրմամբ՝ 2006-ին Մ. Հասրաթյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Դրանից մեկ տարի առաջ՝ 2005-ին Մ. Հասրաթյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Հայ արվեստաբանների կենսամատենագիտություն» շարքի 2-րդ համարը՝ «Մուրադ Հասրաթյան», որի լրամշակված տարբերակը հրատարակվեց 2015-ին՝ գիտնականի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Մ. Հասրաթյանը հեղինակ է շուրջ երկու տասնյակ գրքերի, բազմաթիվ բրոշյուրների, հարյուրավոր հոդվածների, թեզիսների, գրախոսությունների և հանրագիտարանային հոդվածների, որոնք լույս են տեսել Հայաստանում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Փարիզում, Լիոնում, Վիեննայում, Լիսաբոնում, Հռոմում, Վենետիկում, Միլանում, Բոլոնիայում, Նեապոլում, Քյոլնում, Հալլեում, Լեյդենում, Զամոստյեում, Բեյրութում, Հալեպում, Տոկիոյում, Մոնրեալում, Անկարայում, Վարշավայում:
Մ. Հասրաթյանի առաջին գիրքը, նվիրված ծննդավայր Երևանի ճարտարապետությանը, լույս տեսավ Մոսկվայում 1968-ին, քաղաքի հիմնադրման 2750-ամյակի օրերին՝ Վարազդատ Հարությունյանի և Արսեն Մելիքյանի համահեղինակությամբ: Հեղինակային նույն կազմը ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակի կապակցությամբ 1972-ին Մոսկվայում հրատարակեց «Архитектура Советской Армении» աշխատությունը:
Մ. Հասրաթյանը ճարտարապետության այն եզակի պատմաբանն է, որն ուսումնասիրել և հրատարակել է հայ ճարտարապետության ամբողջական պատմությունը՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը, ընդ որում ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն ու ֆրանսերեն՝ օտարալեզու ընթերցողի համար: 1985-ին Մոսկվայում լույս տեսած «Ակնարկ հայ ճարտարապետության» (“Очерк армянской архитектуры”, “Essai sur l’architecture arménienne”) մենագրության մեջ նա առաջին անգամ ներկայացրեց հայ ճարտարապետության անցած ուղին իր սկզբնավորումից մինչև 20-րդ դարը, իսկ 2010-ին Լիոնում ֆրանսերենով հրատարակվեց «Հայ ճարտարապետության պատմությունը սկզբից մինչև մեր օրերը» աշխատությունը (“Histoire de l’architecture arménienne des origines à nos jours”): «Հայ արվեստի պատմություն» հիմնարար աշխատության համար, որտեղ Մ. Հասրաթյանը հեղինակել է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված բաժինները, նա արժանացել է 2009 թ. ՀՀ պետական մրցանակի: Մ. Հասրաթյանը գրել է նաև հայոց պատմության քառահատորյակի՝ հայկական ճարտարապետության վերաբերյալ բոլոր հոդվածները:
Ծանրակշիռ է Մ. Հասրաթյանի ներդրումը մասնավորապես ուշ միջնադարի՝ (XV-XVIII դդ.) հայ ճարտարապետության ուսումնասիրության գործում: Մինչև նրա աշխատությունները, հայ ճարտարապետության պատմության մեջ հայկական ուշ միջնադարյան (XVII-XVIII) հուշարձանները սակավ էին շրջանառվում: Նա առաջինն է լայնամասշտաբ և համակողմանիորեն հետազոտել ու ներկայացրել այդ շրջանի ճարտարապետությունը: 1973-ին Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչությունը լույս է ընծայել «Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները» աշխատությունը, որտեղ հեղինակն առաջին անգամ ուսումնասիրելով և չափագրելով ուշ միջնադարի ուշագրավ հուշարձանները՝ Տաթևի Մեծ անապատի, Շատին վանքի, Հարանց, Շնհերի Կուսանաց, Բեխի անապատների, Հալիձորի, Մեղրու բերդերի և այլ համալիրներ, բացահայտել է «վանք» և «անապատ» կրոնական հաստատությունների գործառական նշանակությունը ուշ միջնադարում, մեկնաբանել դրանց ճարտարապետական լուծումների տարբերությունը և առանձնահատկությունները: Մ. Հասրաթյանն իր աշխատություններում կարևորել է հատկապես վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ուսումնասիրությունը, քանի որ հայկական ճարտարապետությունը ձևավորվեց հենց վաղ միջնադարում: Նա տարիների ընթացքում հավաքել է փաստական մեծածավալ նյութ, չափագրել հայ մասնագետների ուշադրությունից դուրս մնացած բազմաթիվ հուշարձաններ, արել դրանց գծագրերը և լուսանկարները:
Մ. Հասրաթյանն ուսումնասիրել է և չափագրել հայկական գաղթօջախների հուշարձանները, մասնավորապես Թիֆլիսի 24 հայկական եկեղեցիները, և ուսումնասիրության արդյունքները հրատարակել ռուսերեն ու ֆրանսերեն:
Գիտնականի հետաքրքրությունների առանցքում է հարատև գտնվել Արցախի ճարտարապետության ուսումնասիրությունը: 1964-ին նա առաջին անգամ այցելել է Ղարաբաղ՝ դառնալով Արցախի ճարտարապետության առաջին հայ պատմաբանը: Նա առաջինն է չափագրել Լեռնային Ղարաբաղի տարածքի հայկական միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձանախմբերը՝ Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի համալիրը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը: Հետագայում իր ուսումնասիրությունները հրատարակել է տարբեր լեզուներով՝ առանձին բրյոշուրների և հոդվածների տեսքով: Այդ տևական ուսումնասիրությունների հանրագումարը դարձավ «Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը» մենագրությունը (1992): Պատմական Հայաստանի Արցախ նահանգի ճարտարապետության ձևավորման և զարգացման պատմությանը նվիրված այս աշխատության մեջ հեղինակը հանգամանորեն ներկայացրել է երկրամասի XII-XIII դդ. շինարարական արվեստը, հիմնավորել է այդ ժամանակաշրջանում արցախյան ճարտարապետական դպրոցի առանձին գոյությունը, վեր հանել դրա առանձնահատկությունները: Քաղաքական նշանակություն ունեցող այս կարևոր աշխատության մեջ Մ. Հասրաթյանը գիտական փաստարկներով հակահարված տվեց ադրբեջանցի կեղծարարներին, որոնք ջանում էին արցախյան ճարտարապետությունն օտարել հայ մշակույթից, ապացուցեց, որ դրանք ոչ թե «ալբանական» են, այլ՝ զուտ հայկական:
Նախիջևանում Մ. Հասրաթյանը չափագրել, վերլուծել և գիտական շրջանառության մեջ է դրել բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում Աստապատի Կարմիր վանքը, որը դրանից ոչ շատ ժամանակ անց քանդվեց և այժմ իր գոյությունը շարունակում է Մ. Հասրաթյանի չափագրություններում ու նկարագրություններում: Նա ուսումնասիրել է նաև Ագուլիսի ճարտարապետական հուշարձանները և վերջին հայ գիտնականն է (գուցե և վերջին հայը), որը եղել է Ջուղայի գերեզմանատանը: Հետագայում նա ուսումնասիրություն հրատարակեց Ջուղայի խաչքարային դպրոցի առանձնահատկությունների մասին:
2000-ին Մոսկվայում լույս է տեսել Մ. Հասրաթյանի «Армянская архитектура раннего христианства» հիմնարար աշխատությունը (“Армянская архитектура раннего христианства”, “Early Cristian Architecture of Armenia”)՝ հարուստ փաստական նյութով, բոլոր հուշարձանների լուսանկարներով և գծագրերով: Հետագայում Մ. Հասրաթյանը գիրքը թարգմանել է հայերեն և 2010-ին հրատարակել Մոսկվայում («Հայկական վաղքրիստոնեական ճարտարապետությունը»): Աշխատության մեջ հեղինակը ներկայացրել է IV-VII դդ. հայ ճարտարապետության հիմնական հուշարձաները՝ Հայաստանի շինարարական արվեստի բազմադարյան պատմության մեջ կարևորելով հատկապես վաղմիջնադարյան փուլը, երբ ձևավորվեց հայկական ճարտարապետություն ազգային նկարագիրը:
Մ. Հասրաթյանը զբաղվել է այնպիսի նշանակալից և քիչ ուսումնասիրված բնագավառով, ինչպիսին ճարտարապետական առնչությունների հիմնահարցն է: Նա ուսումնասիրել է հայ-բյուզանդական, հայ-սիրիական, հայ-իրանական, հայ-վրացական ճարտարապետական կապերը և դրանց արդյունքները հրապարակել ու ներկայացրել գիտաժողովներում:
Նշանակալի է Մ. Հասրաթյանի ավանդը հայ արվեստին նվիրված միջազգային գիտաժողովների (1975, 1978, 1981, 1985, 1988) կազմակերպման գործում: Մ. Հասրաթյանը հայկական ճարտարապետությունը ներկայացրել է միջազգային բազմաթիվ գիտաժողովներում, աշխարհի տարբեր երկրներում:
Ճարտարապետության վաստակաշատ պատմաբանի գիտական ու գիտակազմակերպական աշխատանքը հաջողությամբ զուգակցվել է մանկավարժական ու հասարակական ակտիվ գործունեության հետ: Պրոֆեսոր Հասրաթյանը տարիներ շարունակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում. Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում՝ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով ապագա ճարտարապետներին ու մշակութաբաններին: 2000 թվականին Մ.Հասրաթյանը հրավիրվել է Սորբոնի համալսարան և մեկ ամսվա ընթացքում ֆրանսերենով դասախոսություններ կարդացել հայկական միջնադարյան ճարտարապետության վերաբերյալ:
1962-ից Մ.Հասրաթյանը Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, ընտրվել վարչության անդամ, ղեկավարել ճարատարպետության պատմության մասնաճյուղը:
Տասնամյակներ շարունակ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժինը գրել է իր տարեգրության արդյունաշատ էջերը հայկական ճարտարապետության պատմագիտության առաջատարի ղեկավարությամբ: 1996-ին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Հայկական ճարտարապետության պատմություն» վեցհատորյակի անդրանիկ հատորը, որն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի ճարտարապետական մշակույթը՝ հնագույն ժամանակներից մինչև վաղ միջնադար: Իսկ «Հայկական ճարտարապետության պատմություն» վեցհատորյակի՝ հարուստ պատկերազարդված երկրորդ (2002) և երրորդ (2004) հատորները լույս տեսան Մ. Հասրաթյանի խմբագրությամբ:
Վերջին տարիներին լույս տեսան ավստրիացի ականավոր արվեստաբան Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն գրքի ռուսերեն թարգմանության 1-ին (2011) և 2-րդ (2018) հատորները (պատ. խմբագիրներ՝ Մ. Հասրաթյան և Ա. Աղասյան): ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում 2009-ին ստեղծվեց «Ճարտարապետություն» մասնագիտությամբ որակավորման քննական հանձնաժողով, որի նախագահն է Մ. Հասրաթյանը: 2010-ին Մ. Հասրաթյանն արժանացավ ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակին՝ իր արժանի տեղը զբաղեցնելով հայ ճարտարապետության անխոնջ ուսումնասիրողներ՝ Թորոս Թորամանյանի մրցանակի դափնեկիրներ Նիկոլայ Տոկարսկու, Վարազդատ Հարությունյանի, Հովհաննես Խալփախչյանի, Ալեքսանդր Սահինյանի, Պաոլո Կունեոյի և Ադրիանո Ալպագո Նովելլոյի կողքին:
Գիտական և գիտակազնակերպական ծանրակշիռ վաստակի համար Մ.Հասրաթյանը պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Պատվոգրով, ՀՀ ԳԱԱ Վաստակագրով, ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով», ՀՀ ԿԳՄՍՆ «Ոսկե հուշամեդալով», ՀՀ վարչապետի Հուշամեդալով…
Մեծ գիտնականի, ազնիվ մտավորականի և լուսավոր մարդու անթառամ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտում: |