2026 թվականի հունվարի 8-9-ը Լոնդոնի Արվեստների համալսարանում տեղի ունեցավ «Ձեռքը. էմոցիաներ, մարմնավորում և ինքնություն» («The Hand: Emotions, Embodiment, Identity») միջազգային միջգիտակարգային գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցեցին Մեծ Բրիտանիայի Sheffield, UCL, UAL, King's College, Central Saint Martins, Bristol, Birmingham, Leeds, York համալսարանների, Իռլանդիայի Trinity College-ի, Շոտլանդիայի Saint Andrews-ի, ԱՄՆ-ի Texas A&M University, New York Fashion Institute of Technology (FIT), University of Nebraska–Lincoln-ի, Ֆրանսիայի University of Paris-ի, Հունգարիայի Ակադեմիայի և Պեչի (University of Pécs) համալսարանի հետազոտողները:
Գիտաժողովում «Խոսուն ձեռքը Արտո Չաքմաքչյանի արվեստում» («The Eloquent Hand in the art of Arto Tchakmakchian») խորագիրը կրող բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, Կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանը:
Արվեստաբանն իր զեկուցման մեջ Արտոյի աշխատանքների արտահայտիչ ձեռքը ներկայացրեց ինչպես պլաստիկ արտահայտչականությամբ, այնպես էլ իմաստային խորքային նշանակությամբ և հզոր հումանիստական ուղերձով լեցուն միջոց: Ձեռքն Արտոյի արվեստում կերպավորում է ոչ միայն էմոցիոնալ հոգեվիճակներ, այլ ազգային և կրոնական ինքնությանն առնչվող կարևորագույն իմաստներ: Սրտի և խղճի այս հզոր ձայնը մնում է արդիական այսօր, երբ տեխնոլոգիաների արագ զարգացումը և արհեստական բանականության անընդհատ ընդլայնվող օգտագործումը հանգեցրել են կեղծ արժեքների պարտադրմանը և մարդկային անկախ ճանաչողության ճնշմանը: |