Հունիսի 15-16-ին Կարին գիտական կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ պարագիտական գիտաժողով՝ նվիրված ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Էմմա Պետրոսյանի հիշատակին։
Երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին ոլորտին առնչվող բազմաբնույթ ու հետաքրքիր թեմաներ, անդրադարձ կատարվեց պարագիտության արդի խնդիրներին և մարտահրավերներին, արժևորվեց գիտական ուսումնասիրությունների շարունակականության և մասնագիտական համագործակցության կարևորությունը՝ ազգային պարարվեստի պահպանման և զարգացման գործում։
Հատկանշական էր, որ գիտաժողովի մեկնարկը համընկավ հայ էթնոպարագիտության հիմնասյուն Սրբուհի Լիսիցյանի ծննդյան օրվա հետ։ Առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին Կարին ԳԿ-ի կողմից ձեռք բերված Սրբուհի Լիսիցյանի մինչ այժմ անհայտ արխիվային նյութեր, որոնց շարքում պահպանվել է նաև անձնական թերթիկը՝ լրացված իր իսկ ձեռամբ, որտեղ հենց իր կողմից արձանագրված է ծննդյան օրը՝ հունիսի 15-ը։
Այս խորհրդանշական համընկնումը յուրահատուկ շունչ հաղորդեց գիտաժողովին՝ վերածելով այն ոչ միայն մասնագիտական քննարկումների հարթակի, այլև երախտագիտության ու հիշողության մի գեղեցիկ տոնի՝ նվիրված հայ պարագիտական մտքի երախտավորներին, որոնց թողած ժառանգությունը շարունակում է ոգեշնչել և ուղղորդել նոր սերունդներին։ |