Սույն թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում իր աշխատանքը կսկսի ICTMD (International Council for Traditions of Music and Dance https://ictmd.org/) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը (https://music-minorities.sci.am/), որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը (Սիմպոզիումի Ծրագիրը)։
Սիմպոզիումը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։
Սիմպոզիումի կազմակերպիչներն են ICTMD-ը, ՀՀ ԳԱԱ-ն և Արվեստի ինստիտուտը՝ համագործակցությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Կայթ մշակութային հանգույց» հասարակական կազմակերպության հետ։
Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալելու ICTMD միջոցառում, ինչը կարևոր քայլ է երկրի՝ միջազգային գիտամշակութային տեսանելիության բարձրացման և երկարաժամկետ համագործակցային հարթակների ձևավորման ուղղությամբ։
ICTMD-ն էթնոերաժշտագիտության ոլորտի առաջատար միջազգային կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում և որի գործունեությունն ընդգրկում է աշխարհի ավելի քան 120 երկրներ։
ICTMD «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը Երևանում հյուրընկալելը շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի գիտական ու մշակութային կյանքում։ Այն մեծ հնարավորություն է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հետազոտողների համար՝ կիսվելու իրենց փորձով և քննարկելու էթնիկ, մշակութային ու լեզվական փոքրամասնությունների երաժշտական ավանդույթների պահպանման հարցերը:
Սիմպոզիումի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 90 վաստակաշատ գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ աշխարհի 33 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Հունաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Սլովենիայից, Ֆինլանդիայից, Ռումինիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Կանադայից, Իրանից, Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից և այլ երկրներից, որոնք կներկայացնեն շուրջ 65 հեղինակավոր համալսարաններ ու գիտական հաստատություններ։
ICTMD «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը Երևանում հյուրընկալելը կարևոր իրադարձություն է Հայաստանի գիտական ու մշակութային կյանքում և ունի ինչպես համաշխարհային գիտական, այնպես էլ տեղային (հայաստանյան) խորը արդիականություն, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։
Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում գլոբալիզացիոն գործընթացները հաճախ հանգեցնում են փոքր համայնքների մշակութային դիմագծի կորստին: Երաժշտությունն ու պարը փոքրամասնությունների ինքնության պահպանման և արտահայտման ամենակենսունակ միջոցներն են: Սիմպոզիումն անդրադառնալու է այն հարցին, թե ինչպես կարելի է փաստագրել, ուսումնասիրել և պաշտպանել այդ անհետացող ոչ նյութական մշակութային ժառանգությունը:
Աշխարհում տեղի ունեցող քաղաքական ու ռազմական ցնցումների պատճառով միլիոնավոր մարդիկ դառնում են փախստական կամ բռնի տեղահանված: Երբ համայնքը կորցնում է իր պատմական հայրենիքը, երաժշտությունն ու պարը դառնում են այն «շարժական հայրենիքը», որը նրանք տանում են իրենց հետ՝ պահպանելու կապը սեփական արմատների հետ:
Հայաստանը, լինելով հարուստ պատմությամբ երկիր, իր տարածքում հյուրընկալում է տարբեր ազգային փոքրամասնությունների (եզդիներ, ասորիներ, հույներ, ռուսներ, քրդեր և այլն): Սիմպոզիումը հիանալի հարթակ է՝ միջազգային գիտական հանրությանը ցույց տալու Հայաստանում ապրող փոքրամասնությունների մշակութային բազմազանությունը, ինչպես նաև ընդգծելու, թե ինչպես է Հայաստանը հարգում և պահպանում նրանց մշակութային իրավունքները:
Ակնհայտ է, որ «փոքրամասնություն» հասկացությունը կարող է դիտարկվել նաև հենց հայության համատեքստում: Հայկական Սփյուռքը տարբեր երկրներում հանդես է գալիս որպես մշակութային փոքրամասնություն, և նրանց երաժշտական կյանքի ուսումնասիրությունը չափազանց կարևոր է: Քանի որ Սփյուռքի կամ պատմական հայրենիքից տեղահանված հայերի մշակույթը ևս տեղավորվում է «մշակութային փոքրամասնության» գիտական ձևակերպման մեջ, սա հզոր հարթակ է միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական մշակութային ժառանգության յուրացման խնդիրը:
Սիմպոզիումը գիտությունը կծառայեցնի մարդասիրությանն ու ազգային շահերին՝ երաժշտության միջոցով բարձրացնելով մարդու իրավունքների, մշակութային ինքնության պաշտպանության և պատմական արդարության հարցերը:
Սիմպոզիումի պաշտոնական կայքը՝
https://music-minorities.sci.am/
Սիմպոզիումի առաջին օրվա աշխատանքներին կարելի է հետևել նաև հեռավար ձևաչափով հետևյալ հղումով՝
https://meet.asnet.am/rooms/r9g-c7u-nqw/join |