Հոկտեմբերի 7-ից 9-ը Սանկտ-Պետերբուրգի Արվեստի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Տիեզերք և արվեստ» երկրորդ միջազգային գիտաժողովը, որին առցանց ձևաչափով հետաքրքիր զեկուցումներով մասնակցեցին Արվեստի ինստիտուտի աշխատակիցները:
Ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը ներկայացրեց «Տիեզերքի համակարգը հայկական միջնադարյան տաճարի կառուցվածքում» խորագրով բանախոսությունը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարիաննա Տիգրանյանը հանդես եկավ «Տիեզերքը հայ երաժշտական ֆոլկլորում» զեկուցմամբ:
Արվեստագիտության թեկնածուներ Անի Հակոբյանի և Լիլիթ Արտեմյանի թեմաներն էին «Տիեզերական խորհրդաբանությունը հայկական օրորոցայիններում. ավանդական պոետիկա և ժամանակակից մեկնաբանություն» և «Տիեզերքը կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի ստեղծագործություններում. «Դիտարկելով կրկնակի աստղի ուղին»»։
Իսկ հոկտեմբերի 12-ից 14-ը տեղի ունեցած՝ «Եվրասիայի մշակութային ժառանգությունը. հավաքագրման, պահպանման, ուսումնասիրման և թարմացման խնդիրներ» II միջազգային գիտագործնական գիտաժողովին (անցկացման վայրը՝ նույնը) ելույթ ունեցան արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սեյրանուշ Մանուկյանը՝ «Հայաստանի Ազգային պատկերասրահի հայկական որմնանկարների վավերագրական պատճենների հավաքածուի դերը Տաթևի վանքի 930-ական թվականների որմնանկարների ուսումնասիրության մեջ», արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանը՝ «Արվեստագիտական մոտեցում ուրարտական գեղարվեստական մշակույթի ուսումնասիրությանը Հայաստանում. ներկայիս վիճակը և հեռանկարները» և բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Սարյանը՝ Մարտիրոս Սարյանի հավաքորդական գործունեությունը որպես նրա մշակութային նախաձեռնությունների անկախ ուղղություն» խորագրերը կրող զեկուցումներով: |