Նշված ուղղությունը գեղագիտական և արվեստաբանական առումներով մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
19-րդ դարի կեսերից հայկական գաղթօջախներում (Կ.Պոլիս, Վենետիկ, Թիֆլիս, Փարիզ) լույս տեսած արվեստագիտական, գրական-երաժշտական և գրական-գեղարվեստական հանդեսներում («Գեղունի» (Վենետիկ), «Գեղարվեստ» (Թիֆլիս), «Քնար հայկական» (Կ.Պոլիս), «Անահիտ» (Փարիզ) ևն) հրատարակվել են Գ.Բաշինջաղյանի, Վ.Սուրենյանցի, Ա.Շիրվանզադեի, Կոմիտասի, Գ.Հովսեփյանի, Ա.Սագըզյանի, Գ.Լևոնյանի, Ա.Չոպանյանի, Թ.Թորամանյանի և այլոց` հայ արվեստին նվիրված, ազգային արվեստաբանության և գեղարվեստական քննադատության հիմքերը դնող հոդվածները, որոնցում մասնագիտական բարձր մակարդակով քննվել են ճարտարապետության, կերպարվեստի ու երաժշտության պատմության տարբեր հարցեր:
Հայ պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման շրջանում թատերական քննադատության մեջ գեղագիտական նախասկիզբ է դարձել լուսավորականությունը. յուրացվել է եվրոպական լուսավորական թատրոնի գեղագիտությունը (Հ.Հիսարյան, Մ.Գարագաշյան, Հ.Խորասանճյան), դրամայի գերմանական տեսությունները (Ս.Նազարյան), գիտակցվել թատրոնի ազգային-հայրենասիրական և սոցիալական ֆունկցիան (Մ.Պատկանյան, Մ.Նալբանդյան, Հ.Սվաճյան):
1870-ական թթ. սկսած թատերական քննադատության մեջ սրվել է բեմական ուղղությունների խնդիրը. մի կողմից պաշտպանվել են ռոմանտիզմը և մելոդրամայի բերած սալոնային խաղաոճը (Սպ.Սպանդարյան), մյուս կողմից` ազգային-ռեալիստական դրամատուրգիան (Գ.Արծրունի), քննադատական ռեալիզմը և կենցաղային ու սոցիալ-հոգեբանական թատրոնը (Գ.Չմշկյան):
19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին թատերական քննադատությամբ զբաղվել են ժամանակի գրեթե բոլոր գրողներն ու գրական գործիչները. արևմտահայ իրականության մեջ` Հ.Պարոնյանը, Գ.Զոհրապը, Ա.Չոպանյանը, Անդրկովկասում` Գ.Չմշկյանը, Պ.Պռոշյանը, Ռ.Պատկանյանը, Ա.Շիրվանզադեն և ուրիշներ:
Ասպարեզ է մտել թատերական քննադատների նոր խումբ (Ս.Հախումյան, Տ.Զավեն, Տ.Հովհաննիսյան, Լեո, Ս.Բերբերյան), հիմնվել են «Թատրոն» (1893), «Թատրոն և երաժշտություն» (1910), «Հուշարար» (1912) հանդեսները: Նույն շրջանում պոլսահայ բեմի անցյալն են ուսումնասիրել Ս.Դավթյանը, Հ.Ասատուրը, Ս.Թյությունջյանը:
Այդ ամենը, ինչպես նաև հայ նորագույն շրջանի գեղարվեստական քննադատությունը և տեսական միտքը Հայաստանի Հանրապետությունում կարոտ է գիտական ուսումնասիրման և արժեքավորման: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հիմնարար հետազոտություններ հայ արվեստագիտության և գեղարվեստական-քննադատական մտքի պատմության բնագավառում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|