2011 թ. նոյեմբերի 9-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական համերգ` նվիրված ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, էսթետիկայի պրոֆեսոր Յակով Իվանի Խաչիկյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին, որը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նվերն էր հոբելյարին:
Համերգը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը: Նա նշեց, որ իր հիմնադրման օրից` 1995 թվականից, Յակով Խաչիկյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում գործող Արվեստագիտության գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի անդամ է և միաժամանակ` "Երաժշտական արվեստ" մասնագիտության գծով թեկնածուական որակավորման քննական հանձնաժողովի նախագահը: Հետևաբար` Արվեստագիտության 016 մասնագիտական խորհրդում "Երաժշտական արվեստ" մասնագիտությամբ իրենց թեկնածուական ատենախոսությունները պաշտպանած արվեստագիտության թեկնածուները մասնագիտական քննությունը հանձնել են հենց Յա.Խաչիկյանի ղեկավարած քննական հանձնաժողովին: Հոբելյանական համերգը մտահղացված էր այնպես, որ դրան մասնակցեն արվեստագիտության թեկնածուները, ովքեր իրենց առաջին մասնագիտությամբ կատարողներ են կամ կոմպոզիտորներ:
Համերգն առաջինը սկսեց ու այնուհետև վարեց Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորման հիմնադիր և նախագահ, արվեստագիտության թեկնածու (պաշտպանել է 2010-ին, գիտական ղեկավար` Մ. Կոկժաև), կոմպոզիտոր ու երգիչ Արսեն Բաբաջանյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, մենագրությունների ու գիտական հոդվածների հեղինակ, արվեստագիտության թեկնածու (պաշտպանել է 2008-ին, գիտական ղեկավար` Ա. Ասատրյան) Գայանե Մարգարյանը կատարեց Շոպենի N 1 Սկերցոն և Ա. Բաբաջանյանի "Վաղարշապատի պարը":
Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի արտիստ, կլառնետահար, արվեստագիտության թեկնածու (պաշտպանել է 2011-ին, գիտական ղեկավար` Մ. Կոկժաև) Դավիթ Գյուլամիրյանը նվագեց Ա. Ռոզենբլատի Ֆանտազիան` Բիզեի "Կարմեն" օպերայի թեմաներով:
Իրենց սեփական ստեղծագործությունները ներկայացրեցին համերգի մասնակիցներից երկուսը:
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, կոմպոզիտոր և երգիչ, արվեստագիտության թեկնածու (պաշտպանել է 2010-ին, գիտական ղեկավար` Լ. Երնջակյան) Մարատ Հայրապետյանը կատարեց իր "Մայրիկիս" երգը` գրված Ս. Կապուտիկյանի տեքստով:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, կոմպոզիտոր և երգեհոնահար, արվեստագիտության թեկնածու (պաշտպանել է 2009-ին, գիտական ղեկավար` Ա. Ասատրյան) Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց դաշնամուրի համար գրված "Սկիզբ" և "Շարժում" պիեսները:
Համերգի մասնակիցների թվում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահարներ, արվեստագիտության ապագա թեկնածուներ Անի Առուշանյանը, որը կատարեց Դ. Սկարլատիի Ռե մինոր սոնատը, և Լիլիթ Արտեմյանը, ում կատարմամբ հնչեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, կոմպոզիտոր Մ. Կոկժաևի "Ծիրանենու ստվերում" բլյուզը:
Համերգի հյուրեր` Հայաստանի ժողովրդական արտիստ Էդվարդ Թադևոդյանը կատարեց "Կռունկը", իսկ դաշնակահարուհի Լիանա Փիրումովան` Շոպենի Էքսպրոմտ-ֆանտազիան: Ի դեպ, այդ երկու ստեղծագործությունները հոբելյարի ամենասիրելի երկերն են:
Համերգի ընթացքում մատուցվեց երկու անակնկալ: Բանն այն է, որ դեռևս 1930-40-ական թվականներին Յա. Խաչիկյանը գրել է ռոմանսներ, որոնք դեռևս երբեք չէին հնչել: Յա. Խաչիկյանի "Վալս-էլեգիայի" պրեմիերայով հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:
Յա. Խաչիկյանի "Սիրո վալս" և "Տանգո" ռոմանսներին բեմական կյանքի ուղեգիր տվեց Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, արվեստագիտության թեկնածու (պաշտպանել է 2011-ին, գիտական ղեկավար` Մ. Կոկժաև) Գուրգեն Բավեյանը, ով բոլորովին վերջերս կորցրել էր հորը, և խոր վշտի մեջ, այնուամենայնիվ, մասնակցեց հոբելյանական համերգին: Դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Ռոբերտ Բավեյանի հիշատակը:
Համերգի մյուս անակնկալն էր Մ. Կոկժաևի դաշնամուրային "Վալս-խոստովանանքը"` նվիրված Յակով Խաչիկյանին, որը կատարեց Լիլիթ Արտեմյանը: Վալսի թեմայի հիմքում կոմպոզիտորն օգտագործել էր հոբելյարի անվան և ազգանվան մեջ պարունակվող տառերին համապատասխան նոտաները. ի դեպ, թեմայի սկզբնական մասը հիշեցնում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի "Կնքահայրը" ֆիլմի համար Նինո Ռոտայի գրած երաժշտությունը:
Համերգը եզրափակեց Երևանի Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, որը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, 2011 թվականի "Լավագույն գիտական աշխատանք" մրցանակաբաշխության հաղթող, երաժշտագետ և խմբավար, արվեստագիտության թեկնածու (պաշտպանել է 2010-ին, գիտական ղեկավար` Մ. Նավոյան) Տաթևիկ Շախկուլյանի ղեկավարությամբ կատարեց Բ. Բրիտտենի "Ceremony of Carols" և Մ. Մասոտիի "Հաբաներան":
Հավարտ համերգի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրինությանն ու համերգի մասնակիցներին իր շնորհակալական խոսքն ուղղեց հոբելյարը` Յակով Խաչիկյանը: |