2024 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» մենագրության շնորհանդեսը։ Աշխատությունը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշումներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Աշխատությունը նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին: Աշխատության խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը:
Շնորհանդեսին մասնակցեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ արվեստի գործիչներ, գիտնականներ և մասնագետներ։
Իր ողջույնի խոսքում Դանիել Դանիելյանը նշեց, որ Հովհաննես Չեքիջյանը բոլոր Մաեստրոների Մաեստրոն է, Վարպետների Վարպետն է և կարևորեց նրա մասին անգլերեն լեզվով գրքի հրատարակությունը։ «Եվ համաշխարհային հանրությունը թող հնարավորություն ունենա կարդալ Ձեր մասին և ուրիշ ուսանողներն էլ թող օգտվեն, թող մեր Վարպետը նաև լինի իրենց Վարպետը»,- ասաց Դանիել Դանիելյանը։
Աշխատությունը հանգամանորեն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը, ում բնութագրմամբ՝ «Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գիրքը գիտական ու պատմական մնայուն արժեք է՝ ուղղված նաև հետագա սերունդներին»:
Հավարտ միջոցառման՝ ՀԱՍԵ Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը Հ․Չեքիջյանին նվիրեց Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցու Խորանի խաչի ոսկյա օրինակը։
Հանդեսը եզրափակվեց Հովհաննես Չեքիջյանի երախտագիտության խոսքով, որից հետո հայկական Կապելլայի կատարմամբ հնչեց Մակար Եկմալյանի «Ահա ծագեց կարմիր արև» a cappella խմբերգը՝ գրված Րաֆֆու խոսքերով, որի համերգային կյանքը Հայաստանում սկսվել է շնորհիվ Հովհաննես Չեքիջյանի՝ 1962 թվականին։
Պատկերասրահ
Լուրերի տեսանյութը շնորհանդեսի վերաբերյալ: |