Սույն թվականի հունվարի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Սենի Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը։ Գիրքը նվիրված է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Եղիայի Մանսուրյանի ծննդյան 85-ին ամյակին։ Մենագրությունը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։
Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։
Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև՝ կոմպոզիտորի գեղագիտական հայացքները:
Հեղինակը կազմել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկն ու կոմպոզիտորի մասին առկա մատենագիտությունը, գիտական շրջանառության մեջ դրել կոմպոզիտորի անձնական արխիվում պահվող կարևոր վավերագրեր և լուսանկարներ։
«Տիգրան Մանսուրյան» գիրքը լույս է տեսել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Մանրամասն շնորհանդեսի վերաբերյալ տե՛ս Լուրերի տեսանյութը և Թերթ.am ու sci.am կայքերում լույս տեսած հոդվածները:
Պատկերասրահ |