Լույս է տեսել Տաթևիկ Շախկուլյանի «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» գիրքը, որն անդրադառնում է կոմիտասագիտության լայնեզր և բազմաբովանդակ ասպարեզում գրեթե չուսումնասիրված` կոմիտասյան կոմպոզիտորական ստեղծագործության վաղ` 1891-1899 թվականներն ընդգրկող շրջանին: Սա ոլորտին նվիրված առաջին մենագրությունն է: Ի մի է բերվել Կոմիտաս վարդապետի կոմպոզիտորական վաղ երկերի պահպանված գրեթե ողջ ձայնագրյալ զանգվածը` տպագիր հայտնի բոլոր նմուշները, նաև բազմաթիվ կոմիտասյան ձեռագրեր, որոնց զգալի մասը առաջին անգամ է ընդգրկվում գիտական շրջանառության մեջ:
Ի մի բերված նյութը ժամանակագրական և ժանրային դասակարգմամբ առաջին անգամ հայ երաժշտագիտության մեջ բազմակողմանիորեն հետազոտվել է: Քննարկվել են կոմիտասյան կոմպոզիտորական վաղ երկերի ժանրային դիմագիծը, կատարողական կերպերը, երաժշտական բաղադրիչները: Ի հայտ է բերվել Կոմիտաս վարդապետի կոմպոզիտորական վաղ շրջանը, որպես ստեղծագործական բազում որոնումներով լի, ներքին հստակ փուլայնությամբ կարևոր մի ժամանակահատված, երբ հետզհետե սաղմնավորվում և ձևավորվում էր կոմիտասյան ինքնատիպ գրելաոճը: |