Ս. թ. հունիսի 20-ին լրացավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանի ծննդյան 80-ամյա և գիտական գործունեության 50-ամյա հոբելյանները:
Հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի ճարտարապետին, որում, մասնավորապես, ասված է.
«Նշանակալի է Ձեր ավանդը հայկական պատմական հուշարձանների չափագրման և մեր մշակույթի գլուխգործոցները գիտական շրջանառության մեջ դնելու գործում: Ձեր երկարամյա և բեղմնավոր գործունեությամբ մեծ ներդրում ունեք հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրության ասպարեզում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք»:
Մուրադ Հասրաթյանին շնորհավորական ուղերձ են հղել նաև ՀՀ ԳԱԱ նախագահությունը և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդը և ողջ կոլեկտիվը ջերմագին շնորհավորանքներ է հղում հոբելյարին և ի սրտե մաղթում երջանկությամբ ու ձեռքբերումներով լեցուն քաջառողջ կյանքի երկար տարիներ, կենսական անսպառ կորով, գիտաստեղծագործական նորանոր նվաճումներ` ի նպաստ հայկական ճարտարապետության պատմագիտական մտքի զարգացման, ի շահ հայագիտության առաջընթացի: |