ՀԱՐԳԱՐԺԱՆ ՎԻԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Ընդունեք ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի, ողջ կոլեկտիվի և անձամբ իմ ջերմագին շնորհավորանքները հիշարժան ու նշանակալից իրադարձության՝ Ձեր ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով:
Թանկագին հոբելյար, շուրջ կես դար է անցել այն օրվանից, երբ 1969-ին Դուք ընդունվեցիք ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան, 1975-ին պաշտպանեցիք թեկնածուական ատենախոսություն «Սարգիս Պիծակ» թեմայով և աշխատանքի անցաք ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում նախ որպես կրտսեր գիտաշխատող, հետագայում որակավորվեցիք որպես ավագ, առաջատար և գլխավոր գիտական աշխատող: Չորս տասնամյակ է անցել այն օրվանից, երբ 1988-ին Դուք ստանձնեցիք ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի վարիչի պաշտոնը՝ ուղիղ քառասուն տարի ղեկավարելով ինստիտուտի գիտական կարևորագույն ստորաբաժանումներից մեկը:
Լայն ու ընդգրկուն են հետազոտողի Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակները: Ձեզ հավասարապես զբաղեցրել է թե՛ հայ միջնադարյան կերպարվեստի, թե՛ արդի հայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործության հետազոտությունը, ինչի վկաներն են Երևանում և Մոսկվայում հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակված տասնյակ արվեստագիտական գրքերը և ալբոմները (այդ թվում՝ 1981-ին Մոսկվայում լույս տեսած «Մատենադարան» պատկերագիրքը, համահեղ.՝ Ս.Մանուկյան), Ձեր արժեքավոր մենագրությունները՝ «Սարգիս Պիծակ» (1980), «Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIII դարի վերջ-XIV դարի սկիզբ)» (1984), «Խորանների մեկնություններ» (1995), «Մեկնութիւնք խորանաց: (Արվեստի տեսության միջնադարյան հայկական բնագրեր)» (2004), «Հայ միջնադարյան կերպարվեստի պատմություն» (2012, համահեղ.՝ Հ.Հակոբյան) և «Հայ արվեստի պատմություն» (2009) կոլեկտիվ հիմնարար աշխատությունը, որի համար Դուք արժանացաք ՀՀ Պետական մրցանակի, ինչպես նաև Երևանում, Թիֆլիսում, Մոսկվայում, Իտալիայի տարբեր քաղաքներում, Նյու Յորքում և այլուր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տպագրված շուրջ 150 գիտական, քննադատական, հանրագիտարանային (այդ թվում՝ Հայկական սովետական հանրագիտարանի և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի) հոդվածները:
Արդյունաշատ է Ձեր մանկավարժական գործունեությունը: Տասնամյակներ շարունակ դասավանդելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում և 2000-ից ղեկավարելով արվեստագիտության և հումանիտար առարկաների ամբիոնը, Ձեր փորձն ու գիտելիքներն եք փոխանցում ապագա արվեստաբաններին: Անուրանալի է Ձեր ներդրումը երիտասարդ գիտական կադրերի պատրաստման գործում. Ձեր գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 28 ատենախոսություն:
Թանկագին հոբելյար, վերստին շնորհավորելով Ձեզ` ի սրտե մաղթում ենք երջանկությամբ ու ձեռքբերումներով լեցուն քաջառողջ կյանքի երկար տարիներ, կենսական անսպառ կորով, գիտաստեղծագործական նորանոր նվաճումներ Ձեր գործունեության մեջ, բարեկեցություն ու երջանկություն:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն՝
Արարատ Աղասյան
16 մարտի 2018 թ. |