Դրամատուրգ, արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի «Մադամ Զարուհի» մոնոդրաման` («Մերսեդես և Զարուհի» վերնագրով) մասնակցել է Նյու Յորքում ընթացող United Solo /Յունայթեդ սոլո/ մոնոներկայացումների փառատոնին՝ ամերիկահայ անվանի դերասանուհի Նորա Արմանիի անգլերեն թարգմանությամբ, բեմադրությամբ և կատարմամբ, բրոդվեյան հայտնի «Ռո թատրոնի» բեմերից մեկում (Theatre Row): Ներկայացման կոմպոզիտորը Վահան Արծրունին է: Պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին, ժամը 19:00` արժանանալով հանդիսատեսի մեծ հավանությանը, ամերիկյան քննադատության, հեռուստատեսության և մամուլի ուշադրությանը: Ներկայացման առաջնախաղին ներկա է եղել հեղինակը, նաև` ամերիկահայ անվանի մտավորականներ:
Միացյալ նահանգների Նյու Յորք քաղաքում հիմնադրված United Solo Festival-ը աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր մոնոներկայացումների փառատոնն է, որն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 20-ը, Նյու Յորքի թատերական ամենամեծ թաղամասում` Բրոդվեյում` Մանհեթնի 42-րդ փողոցի և 9-րդ ավենյուի միջև գտնվող «օֆֆ բրոդվեյան» «Ռո թատրոնի» թատերական հարթակներում: Խոշորագույն փառատոնին ամեն տարի մասնակցում են տասնյակ ներկայացումներ արտերկրից և ԱՄՆ-ից՝ դրամատիկական, պարային, տիկնիկային, մուլտիմեդիաներ, իմպրովիզներ, սթենդափ շոուներ, մյուզիքլ և այլ ժանրերում: United Solo-ն հիմնադրվել է 2010 թ., և հիմնադրման տարեթվից ի վեր փառատոնի շրջանակում ցուցադրվել են ավելի քան 1000 ներկայացումներ ամբողջ աշխարհից: Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ դերասաններ, «Էմմիի» և այլ հեղինակավոր թատերական մրցանակաբաշխությունների մրցանակակիրներ: Այս տարի փառատոնին մասնակցում են 80 մոնոներկայացումներ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարը Օմար Սանգարեն նշում է, որ 2022-ը վերածննդի տարի է քովիդյան սահմանափակումներից հետո, և փառատոնը հատուկ շուքով է անցկացվում:
Պրեմիերայից հետո Անուշ Ասլիբեկյանը և Նորա Արմանին հարցազրույցներ են տվել ամերիկյան ABN հեռուստաալիքին, The Armenian Mirror Spectator թերթին, "Ching Juhl" ամերիկյան ինտերնետային ալիքին: Ներկայացման մասին բարձր կարծիք է արտահայտել ամերիկացի ճանաչված քննադատ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մարվին Կարլսոնը:
«Մադամ Զարուհի» մոնոդրաման հեղինակը գրել է` հենվելով իր «Մերսեդես» դրամայի վրա, որը 2015-ին բեմադրվել էր Պատանի հանդիսատեսի թատրոնում` Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շարքում, բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան, կոմպոզիտոր` Վահան Արծրունի: Առաջնախաղին գլխավոր դերում հանդես գալու համար հրավիրվել էր սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին: Ներկայացումը ունեցել էր մեծ հաջողություն, մասնակցել Կահիրեի միջազգային թատերական փառատոնին (Եգիպտոս), արժանացել է երկու «Արտավազդ» մրցանակի, գրվել են մի շարք թատերախոսականներ:
«Մադամ Զարուհի» մոնոդրաման թարգմանվել է տարբեր լեզուներով, 2017 թվականին արժանացել է «Երևանյան գրքի փառատոնի» դրամատուրգիա մրցանակին, իսկ 2022 թ. ընդգրկվել է «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիայում» (ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ)` 10-րդ դասարանի համար նախատեսված գրքում:
Պատկերասրահ |