|
Հակոբյան Անի Սարգսի (ծնվ. 10.04.1986)՝ հայ ֆոլկլորագետ-երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի գիտաշխատող, դասավանդում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում։
Անի Հակոբյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ստանալով երաժշտագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, ապա ՀՀ ԳԱԱ Ասպիրանտուրան։ Նրա գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են հայկական ավանդական երաժշտությունը և բանահյուսությունը, մասնավորապես՝ օրորոցային երգերի ժանրային առանձնահատկությունները, դրանց երաժշտական կառուցվածքը և մշակութային գործառույթները։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է հայկական ժողովրդական երաժշտության և բանահյուսության թեմաներով։
Անի Հակոբյանի գիտական և կազմակերպչական գործունեության կարևոր ուղղություններից է նաև հայկական երաժշտական ժառանգության պահպանությունն ու հետազոտությունը։ Նրա նախաձեռնությամբ և ջանքերով Պետրոս Ալահայտոյանի ֆոնդը (շուրջ 125 բաբինա և 450 կոմպակտ կասետ, որոնք ձայնագրվել են հայկական սփյուռքում 1985-2010ական թվականների ընթացքում) տեղափոխվել է Հայաստան, ինչը հնարավորություն է տվել պահպանել և ուսումնասիրել այդ արժեքավոր նյութերը հայկական գիտական միջավայրում։
Վերջին մեկ տարվա ընթացքում նա զբաղվում է նաև հայ անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ստեղծագործությունների երաժշտագիտական ուսումնասիրությամբ և հետագայում նախատեսում է այդ թեմայով հրապարակել մենագրություն։ |