2022թ. հուլիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական անձնակազմի ժողովը:
Գիտական անձնակազմի 59 անդամներից ժողովին ներկա էին 47-ը:
ԼՍԵՑԻՆ. – ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար ինստիտուտի գիտական անձնակազմի առաջարկի մասին:
Նիստի նախագահ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արարատ Աղասյանը տեղեկացրեց, որ գործող կարգի համաձայն՝ տնօրենի թափուր տեղի համար կարող են թեկնածություններ առաջադրել Ինստիտուտի գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները: Ա.Աղասյանը, օգտվելով ժողովի նախագահի ու կոլեկտիվի անդամի իր կարգավիճակից` Ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար առաջարկեց Ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, երաժշտության բաժնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի թեկնածությունը:
Այլ թեկնածուներ չառաջադրվեցին:
Միակ թեկնածուն՝ Աննա Ասատրյանը, ներկայացրեց իր ծրագիրը և պատասխանեց հարցերին:
Մտքերի փոխանակությանը մասնակցեցին Արարատ Աղասյանը, ճարտարապետության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, գլխավոր գիտաշխատող Մուրադ Հասրաթյանը, կերպարվեստի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Վիգեն Ղազարյանը, երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը, ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հռիփսիմե Պիկիչյանը և Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ, սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մերի Կիրակոսյանը, ովքեր միահամուռ պաշտպանեցին պրոֆեսոր Աննա Ասատրյանի թեկնածությունը:
Փակ (գաղտնի) քվեարկության կազմակերպման նպատակով ընտրվեց հաշվիչ հանձնաժողով հետևյալ կազմով՝ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյան (նախագահ), արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյան և արվեստագիտության թեկնածու Լիլիթ Արտեմյան:
Տեղի ունեցավ փակ (գաղտնի) քվեարկություն:
Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Դավիթ Քերթմենջյանը ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը - քվեարկել է 47 հոգի, կողմ` 47, դեմ` չկա, անվավեր` չկա:Քվեարկության դրվեց հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, որն ընդունվեց միաձայն:
ՈՐՈՇԵՑԻՆ. – ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական անձնակազմի ժողովը որոշում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, երաժշտության բաժնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Գրիգորի Ասատրյանի թեկնածությունը: |