ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը նախաձեռնել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները» գիտական կոնֆերանսների շարքը, որի նպատակն է բացահայտել ՀՀ ԳԱԱ ծանրակշիռ դերը հայ արվեստագիտության զարգացման գործում:
Շարքի 1-ին միջոցառումը «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» երկօրյա գիտական կոնֆերանսն է (կազմակերպվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ), որի երեք նիստերը տեղի կունենան 2023թ. հունիսի 27-ին և 28-ին (ժամը 11.00-ից) ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:
Հայ ականավոր երաժշտագետ, կոմպոզիտոր և մանկավարժ, Հայկական ՍՍՀ և Ուզբեկական ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ք.Քուշնարյանը (1890-1960) կանգնած էր հայկական ակադեմիական արվեստագիտության ակունքներում և 1944-1948թթ. ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ Երաժշտության պատմության և տեսության նորաստեղծ սեկտորը: Հենց այդ Սեկտորի հիման վրա էլ 1948-ին ստեղծվեց ՀՍՍՀ ԳԱ Արվեստների պատմության և տեսության սեկտորը, իսկ 1958-ին` ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտը:
Գիտնականի “Вопросы истории и теории армянской монодической музыки” հիմնարար աշխատությունը (1958, Լենինգրադ) յուրաքանչյուր երաժշտագետի սեղանի գիրքն է:
Միևնույն ժամանակ՝ Ք.Քուշնարյանը կարևոր տեղ է գրավում սովետական երաժշտարվեստի կայացման ու զարգացման գործում մեծ դեր կատարած ականավոր գործիչների շարքում (երկար տարիներ դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում): Երաժիշտ-մտածող, գիտական և երաժշտական հետաքրքրությունների լայն շրջանակի տեր անձնավորություն` նա միաժամանակ խոշոր տեսաբան էր ու տաղանդավոր կոմպոզիտոր, ականավոր գիտնական-պոլիֆոնիստ և հրաշալի մանկավարժ, հետազոտող-ֆոլկլորիստ և երաժշտական-հասարակական անխոնջ գործիչ:
Ք.Քուշնարյանի անունով է անվանակոչվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող արվեստի դպրոցը, որի հետ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն ամենօրյա սերտ կապերի մեջ է:
Գիտական կոնֆերանսը եզրափակվելու է Երևանի Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների տարեկան հաշվետու համերգով, որը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների տան համերգասրահում, հունիսի 28-ին ժամը 15:00-ին:
Համերգի սկզբում կհնչի Ք.Քուշնարյանի Սոնատը՝ երգեհոնի համար, որը կկատարի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության թեկնածու, կոմպոզիտոր և երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը:
ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍ-ԾՐԱԳԻՐ |