ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մանե Գառնիկի Մկրտչյանը հուլիսի 3-7-ը Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) մասնակցել է «Կրթության և ուսուցման նոր տեխնոլոգիաների 15-րդ ամենամյա միջազգային գիտաժողովին», որի կազմակերպիչն է Տեխնոլոգիաների, կրթության և զարգացման միջազգային ակադեմիան։ Գիտաժողովի հիմնական նպատակն է խթանել և տարածել կրթության և հետազոտության բնագավառում ձեռք բերված փորձն ու նորարարությունները բոլոր ոլորտներում:
Գիտաժողովին մասնակցել են ավելի քանի 500 մասնակից աշխարհի տարբեր երկրներից՝ հիմնականում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից։ Մանե Մկրտչյանը եղել է Հայաստանը, նաև՝ ողջ տարածաշրջանը ներկայացնող միակ մասնակիցը։ Նա գիտաժողովին հանդես է եկել ««Դասարան+Դասականը» որպես հայ թատրոնների առաջին ոչ-ֆորմալ կրթական ծրագիր» խորագիրը կրող զեկուցումով։ Զեկույցը լույս է տեսել գիտաժողովի նյութերում (M. Mkrtchyan, "Class+Classics" as the First Informal Educational Program in Theatres of Armenia // EDULEARN23 Proceedings, 15th International Conference on Education and New Learning Technologies, Palma, Spain. 3-5 July, 2023, pp. 896-901, https://library.iated.org/view/MKRTCHYAN2023CLA
Գիտաժողովի ընթացքում Մանե Մկրտչյանը ծանոթացել է մի շարք զեկուցողների հետ, ունկնդրել բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող ելույթներ, մասնակցել ինտերակտիվ բաժնում ընթացող դասընթացներին։
Շնորհակալություն ՀՀ ԳԱԱ նախագահությանը՝ երիտասարդ արվեստաբանի հանդեպ ցուցաբերած աջակցության համար։ |