Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
20.09.2023
Գիտաժողով` նվիրված հայ ակադեմիական արվեստագիտության երախտավոր Գևորգ Գյոդակյանին

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Գևորգ Գյոդակյան» գիտաժողովը` նվիրված երաժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Գյոդակյանի երաժշտագիտական ժառանգությանը։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը հայտարարեց, որ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ինստիտուտի երաժշտության բաժինը կրելու է Գևորգ Գյոդակյանի անունը։

«Գևորգ Գյոդակյանը 50 տարի ղեկավարել է Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժինը, որն այդ ընթացքում դարձավ Հայաստանում երաժշտագիտական մտքի կենտրոնը։ Նա մեծ դեր է կատարել որպես արվեստագիտության կազմակերպիչ Արվեստի ինստիտուտի հեղինակության բարձրացման և զարգացման գործում։ Մենք նպատակ ունենք շարունակել նրա ավանդույթները», - ասաց Աննա Ասատրյանը և շեշտեց Գյոդակյանի մեծ վաստակը որպես գիտնական-հետազոտող։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը նշեց․ «Լինելով Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը` նա կապել է երկու կարևոր օղակ՝ Արվեստի ինստիտուտը և կոմպոզիտորների միությունը։ Այն կապը, որը կա երաժշտագիտության և կոմպոզիտորական դպրոցի միջև, պետք է ավելի խորանա։ Գևորգ Գյոդակյանը դրել է հայ երաժշտության պահպանման և զարգացման հիմքը։ Սիրելով և հիշելով Գյոդակյանին` մենք պետք է շարունակենք իր պատգամները»։

Գևորգ Գյոդակյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Կոնսերվատորիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը շեշտեց Գյոդակյանի մանկավարժական ժառանգության առանձնահատկությունը, կարևորեց նրա գիտական կերպարը։

Գիտաժողովին մասնակցեցին մեծ երաժշտագետի ընտանիքի անդամները` կինը` Ալինա Փահլևանյանը, որդին` Կոնստանտին Գյոդակյանը, դուստրը` Ելենա Գյոդակյանը և թոռնիկը` կոմպոզիտոր Դավիթ Գյոդակյանը։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ` նվիրված Գևորգ Գյոդակյանի ունեցած ներդրումին երաժշտագիտության տարբեր բնագավառներում։

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready