Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Գևորգ Գյոդակյան» գիտաժողովը` նվիրված երաժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Գյոդակյանի երաժշտագիտական ժառանգությանը։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը հայտարարեց, որ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ինստիտուտի երաժշտության բաժինը կրելու է Գևորգ Գյոդակյանի անունը։
«Գևորգ Գյոդակյանը 50 տարի ղեկավարել է Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժինը, որն այդ ընթացքում դարձավ Հայաստանում երաժշտագիտական մտքի կենտրոնը։ Նա մեծ դեր է կատարել որպես արվեստագիտության կազմակերպիչ Արվեստի ինստիտուտի հեղինակության բարձրացման և զարգացման գործում։ Մենք նպատակ ունենք շարունակել նրա ավանդույթները», - ասաց Աննա Ասատրյանը և շեշտեց Գյոդակյանի մեծ վաստակը որպես գիտնական-հետազոտող։
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը նշեց․ «Լինելով Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը` նա կապել է երկու կարևոր օղակ՝ Արվեստի ինստիտուտը և կոմպոզիտորների միությունը։ Այն կապը, որը կա երաժշտագիտության և կոմպոզիտորական դպրոցի միջև, պետք է ավելի խորանա։ Գևորգ Գյոդակյանը դրել է հայ երաժշտության պահպանման և զարգացման հիմքը։ Սիրելով և հիշելով Գյոդակյանին` մենք պետք է շարունակենք իր պատգամները»։
Գևորգ Գյոդակյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Կոնսերվատորիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը շեշտեց Գյոդակյանի մանկավարժական ժառանգության առանձնահատկությունը, կարևորեց նրա գիտական կերպարը։
Գիտաժողովին մասնակցեցին մեծ երաժշտագետի ընտանիքի անդամները` կինը` Ալինա Փահլևանյանը, որդին` Կոնստանտին Գյոդակյանը, դուստրը` Ելենա Գյոդակյանը և թոռնիկը` կոմպոզիտոր Դավիթ Գյոդակյանը։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ` նվիրված Գևորգ Գյոդակյանի ունեցած ներդրումին երաժշտագիտության տարբեր բնագավառներում։ |