2023 թ․ նոյեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը համալրվեց երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի "Ohannes Tchekidjian: Life and Career" գրքի 10 օրինակով։
Գրքերը գրադարանին հանձնեց հեղինակն անձամբ` գրադարանի ընթերցասրահում կազմակերպված միջոցառման շրջանակում` ներկայացնելով գրքի բովանդակությունն ու հրատարակությանն առնչվող հիմնական դրույթները։
Աշխատությունը նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի 95- ամյակին:
Երաժշտական քննադատական արվեստում առաջին անգամ անգլերեն ներկայացվում է արխիվային մեծ նյութ և մասնագիտական գրականություն, որոնց հիման վրա կատարվել է հետազոտությունը:
Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:
Միջոցառման ժամանակ շնորհավորական խոսքով հանդես եկան արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա 2024 թ․ հունվարի 23-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի մեծ դահլիճում։ |