Կոմիտասագիտության մեջ ծանրակշիռ է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներդրումը, որը, լինելով կոմիտասագիտության կենտրոնը, տասնամյակներ շարունակ անմնացորդ ծառայում է կոմիտասյան ժառանգության ուսումնասիրության ու հանրահռչակման գործին:
Օրերս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության առաջին հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի մեներգերը՝ դաշնամուրի նվագակցությամբ:
Լուրերի տեսանյութը
Իսկ ամեն ինչ սկսվել էր տասնամյակներ առաջ:
1949 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան 80-ամյակի օրը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության մասին, որի իրագործումը հանձնարարվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիային: Ակադեմիայի Նախագահությունը 1950թ. հունվարի 25-ի N 4 նիստում որոշում է 1950-ին սկսել Կոմիտասի երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակությունը: Խմբագրական հանձնախմբում ընդգրկվում են Ռոբերտ Աթայանը, Մուշեղ Աղայանը, Սամսոն Գասպարյանը, Քրիստափոր Քուշնարյանը, Մաթևոս Մուրադյանը: Նույն՝ 1950 թվականին, ՀԽՍՀ ԳԱ արվեստների պատմության և տեսության սեկտորը հրատարակում է Կոմիտասի «Ազգագրական ժողովածուն»:
Ինչպես հայտնի է` իրենց հիմնական մասով Կոմիտասի «թղթերը» (այսպես է անվանվել նրա ողջ գրավոր ժառանգությունը) պահվել են Պոլսի Պատրիարքարանում: Այդ մասը հետո հանձնվել է Փարիզի Կոմիտասյան խնամատար հանձնաժողովին, որը կոմիտասյան մի շարք կարևոր ձեռագրեր ձեռք է բերել նաև առանձին անհատներից: Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության իրականացման համար, բնականաբար, անհրաժեշտ էր Երևան տեղափոխվել կոմիտասյան ձեռագրերը, որոնք Երևան հասան ՀԽՍՀ ԳԱ Արվեստների պատմության և տեսության սեկտորի վարիչ Ռուբեն Զարյանի և գիտքարտուղար Մաթևոս Մուրադյանի, հետագայում՝ Ռոբերտ Աթայանի ու Փարիզի կոմիտասյան հանձնաժողովի փոխնախագահ, իսկ Արշակ Չոպանյանի մահից հետո՝ նախագահ Մարգարիտ Բաբայանի ջանքերով:
Ինչպես հետագայում կխոստովանի Մ.Բաբայանը՝ Փարիզի Սովետական դեսպանատան Մշակութային կապի ներկայացուցիչ Վասիլի Վլասովը «դիւրութեամբ եւ անկեղծ հետաքրքութեամբ յարաբերութիւն ստեղծեց Երեւանի հայկական Գիտութիւնների Ակադեմիայի Արուեստների Պատմութեան եւ տեսաբանութեան բաժնի եւ Փարիզի Կոմիտասեան Յանձնախումբի միջեւ»: Մ.Բաբայանի արխիվում գտնվող՝ նրան ուղղված Ռոբերտ Աթայանի 13 նամակներում (1960-1963 թթ.) ուրվագծվում է, թե ինչպես է հավաքվել Կոմիտասի արխիվը Երևանում և ինչպես են իրականացվել աշխատանքները Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության ուղղությամբ:
Իր առաջին նամակում՝ թվագրված 1960 թ. մարտի 6-ով, Ռ.Աթայանը խոստովանում է, որ Կոմիտասի Երկերի ակադեմիական՝ մանրամասն ծանոթագրված հրատարակությունը համարում է իր կյանքի կարևորագույն նպատակը: Այդ միտքը կարմիր թելի պես անցնում է նրանց նամակագրության միջով: Տարիներ անց՝ 1963 թ. սեպտեմբերի 14-ի նամակում կարդում ենք. «Չնայած այս բազմապիսի գործերիս, ամենակարևորը ինձ համար համարում եմ Կոմիտասի ժառանգությունը հրատարակելու աշխատանքը»: Ռ. Աթայանը գրում է, որ «այդ հրատարակությունը պետք է ընդգրկի այն բոլորը, ինչ որ մինչև այժմ հաջողվել է և ընթացքում կհաջողվի հավաքել Կոմիտասի ժառանգությունից: Գործը, ճիշտ է, դանդաղ է առաջ գնում, որովհետև նյութերն, ինչպես գիտեք, լրիվ բարեկարգ վիճակում չեն և ինքնըստինքյան էլ մի դժվարին գործ է, որին շտապողականությունը կարող է վնասել: Բայց տարվում է գործը հիմնովին: Մենք ձգտում ենք Կոմիտասի ժառանգությունը երևան հանել հնարավորին չափ լրիվ և ամենակարևորը՝ հարազատորեն, այնպես, ինչպես գրել է մեծ վարպետը: Հույս ունեմ, որ այս տարվա մեջ լույս կտեսնի I հատորը, որ վաղուց արդեն, ինչպես ասում են, «մամուլի տակ է»:
Եվ ահա, 1960 թվականին, «Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի կողմից» երկլեզու (հայերեն և ռուսերեն) առաջաբանով, Ռոբերտ Աթայանի խմբագրությամբ, Մարտիրոս Սարյանի ֆորզացով լույս է տեսնում Կոմիտասի Երկերի ժողովածուի 1-ին հատորը: Հետագա տասնամյակների ընթացքում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտագետների մի քանի սերունդների, մասնավորապես Ռոբերտ Աթայանի և Գեւորգ Գյոդակյանի ջանքերի շնորհիվ հրատարակվեցին Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության 14 հատորները (1960-2006): Կոմիտասի Երկերի ժողովածուի հրատարակությունն ունեցավ բացառիկ ռազմավարական նշանակություն՝ կարևոր դեր կատարելով Կոմիտասի ժառանգության ուսումնասիրության, համակարգման և հանրահռչակման գործում:
Անցած տասնամյակների ընթացքում սպառվեց առաջին հատորների տպաքանակը՝ թեև 1-ին հատորի տպաքանակը եղել է 2700 օրինակ: Մյուս կողմից՝ վերջին տարիներին աշխարհում զգալիորեն աճել է հետաքրքրությունը Կոմիտասի ստեղծագործության հանդեպ: Ուստի առաջ եկավ Կոմիտասի Երկերի ժողովածուի վերահրատարակության անհրաժեշտության հարցը:
2021 թվականին հունիսին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանի ընկերակցությամբ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ այցելեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախկին աշխատակից, ներկայումս ամերիկաբնակ երաժշտագետ Դավիթ Դերոյանը: Պարզվեց, որ 1993 թվականին ԱՄՆ մշտական բնակության մեկնած Ռ.Աթայանը շարունակել է իր աշխատանքը Կոմիտասի Երկերի ժողովածուի 1-6 հատորների վրա: Հիմնվելով համերգային հայտագրերի, կոմիտասյան ծոցատետրերում առկա տարեթվերի, երգերի մշակման ոճային էվոլյուցիայի վրա՝ պրոֆեսոր Աթայանը պարզել էր, թե միևնույն երգի բազմաթիվ տարբերակներից որն է վերջին կատարյալը: Հատորներում փոփոխել էր նաև երգերի թվաքանակը. օրինակ՝ 1-ին հատորի հին հրատարակությունում պարունակվող մեներգերը 40-ն են, 2-րդ հատորում դրանց ընդհանուր թիվն է 53 (49 մեներգ և Կոմիտասի հորինած 4 մեներգերը):
Ռ. Աթայանը խմբագրված հատորները, երբևիցե հրատարակելու ակնկալիքով, հանձնել էր իր սան Դավիթ Դերոյանին: Դավիթ Դերոյանն էլ իր Ուսուցչի պատգամը իրականացնելու հաստատ համոզմունքով հատորները բերել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ: Ուստի, որոշվեց ձեռնամուխ լինել Կոմիտասի Երկերի ժողովածուի 2-րդ լրամշակված հրատարակության իրականացման աշխատանքներին, որի ֆինանսական աջակցությունը ստանձնեցին Գլենդեյլում (ԱՄՆ) գործող «Լարք» երաժշտական ակադեմիան և նրա ղեկավարը՝ ամերիկահայ ճանաչված երաժիշտ, երաժշտական-հասարակական գործիչ Վաչե Պարսումյանը, ինչպես նաև Ռ.Աթայանի ընտանիքը, մասնավորապես նրա դուստր Նազելի Աթայանը:
Վաչե Պարսումյանը վճռական դեր է կատարել կոմիտասյան երաժշտական ժառանգության ակադեմիական հրատարակության գործում: Եթե խորհրդային տարիներին՝ 1960-1982 թվականներին 16 հատորները, բնականաբար, հրատարակվեցին պետության միջոցներով, ապա անկախության շրջանում հաջորդ հատորները պիտի հրատարակվեին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի բարեկամների ֆինանսական օգնությամբ: Հենց Վաչե Պարսումյանի նյութական աջակցությամբ էլ հրատարակվեցին Կոմիտասի Երկերի ժողովածուի 12-րդ (2003), 13-րդ (2004) և 14-րդ (2006) հատորները:
Եվ ահա՝ Կոմիտասի ծննդյան 155-ամյա հոբելյանի առիթով՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդը որոշեց վերահրատարակել Կոմիտասի Երկերի ժողովածուն և հաստատեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության խմբագրական խորհուրդը, որի կազմում ընդգրկվեցին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակիցները՝ արվեստագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Աննա Ասատրյանը, Աննա Արևշատյանը, Լիլիթ Երնջակյանը և Մհեր Նավոյանը, արվեստագիտության թեկնածուներ Գայանե Ամիրաղյանը, Տաթևիկ Շախկուլյանը և Մարիաննա Տիգրանյանը, ինչպես նաև արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը: Առաջին հատորի հրատարակության նպատակով ստեղծվեց աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով՝ Աննա Ասատրյան, Լիլիթ Երնջակյան, Աննա Արեւշատյան, Մհեր Նավոյան, Լուսինե Սահակյան: 64 տարի անց, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի կողմից» երկլեզու (հայերեն և անգլերեն) առաջաբանով, Ռոբերտ Աթայանի խմբագրությամբ, Մարտիրոս Սարյանի ֆորզացով վերահրատարակվեց Կոմիտասի Երկերի ժողովածուի 1-ին հատորը, որը հրատարակության պատրաստեց Դավիթ Դերոյանը: Հատորն ընդգրկում է Կոմիտասի մեներգերը: Նյութի հիմնական մասը հայկական գեղջկական ֆոլկլորի հետ կապված կոմիտասյան մեներգերն են: Նշանակալի տեղ են գրավում քնարական նմուշները («Քելե, քելե», «Քելեր, ցոլեր», «Գարուն ա», «Չինար ես», «Հաբրբան», «Հոյ, Նազան իմ», «Հով արեք», «Ծիրանի ծառ» ևն), պանդխտության («Անտունի», «Կանչ», «Կռունկ» ևն), պատմավիպական («Մոկաց Միրզա»), կենցաղային («Օրոր») երգերը: Հատորում տեղ են գտել Կոմիտասի ռոմանսները ևս՝ Լերմոնտովի (Գյոթեից) խոսքերով գրված «Գիշերերգը» և Թումանյանի տեքստով գրված «Մութ էր երկինքը» ռոմանսը: Հատորը եզրափակվում է հանգամանալից ծանոթագրություններով: Վստահ եմ՝ երկրորդ հատորը շատ չի ուշանա:
Աննա ԱՍԱՏՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր |