ՉԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ
Հայ թատրոնը Եգիպտոսում. - Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2020. 272 էջ + 1 մամուլ նկ.:
Եգիպտահայ թատերական արվեստը, լինելով հայ թատրոնի բաղկացուցիչ մասը, անցել է ինքնահաստատման բարդ ուղի, հիմնականում ընդգրկելով 1900-1960-ական թվականների ժամանակահատվածը: Եգիպտոսի հայ թատերական շարժումը սերել է համայնքի մշակութային և պատմական ավանդույթներից, սկզբում հանդես գալով որպես բարեգործական միությունների գործունեության ասպարեզներից մեկը: Հետագայում թատրոնը ձեռք բերեց ինքնուրույնություն, գեղագիտական ուրույն նկարագիր և խաղաոճ, հասնելով որոշակի պրոֆեսիոնալ մակարդակի: Կրել է ինչպես արևմտահայ, այնպես էլ արևելահայ թատերական արվեստի ոճական ուղղությունների ազդեցությունը:
1920-ական թվականներին համայնքի թատերական շարժման մեջ նշմարվեցին զարգացման տարբեր միտումներ, որոնք իրենց արտահայտությունը գտան «Եգիպտահայ դրամատիկ» և «Եգիպտահայ կոմեդի» թատերախմբերի, ինչպես նաև այլ խմբերի և տարբեր անհատների գործունեության մեջ: Թատերագիտական հմուտ մտքի ուղղորդությամբ, համայնքում ձևավորվեց մի շարժում, որը տարիների ընթացքում կրթեց և դաստիարակեց բեմարվեստին գիտակ, բարձրաճաշակ հասարակություն:
Աշխատության մեջ տրված է հետազոտվող շրջանի համապատկերը, փորձ է արվել ներկայացնելու Եգիպտոսի հայ թատրոնի կազմավորմանն ու առաջընթացին նպաստած նախադրյալներն ու պատմական միջավայրը: |