|
|
Արամ Քոչարյանի անվան ձայնադարան |
|
|
Դժվար է գերագնահատել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ձայնադարանի դերն ու նշանակությունը հայագիտության համար. սա երաժշտական-բանահյուսական եզակի սկզբնաղբյուրի բացառիկ արժեք ունի: Դեռևս 1920-ականներից մինչև մեր օրերը գրանցված գիտարշավային նյութերն ընդգրկում են ներկայիս Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը` Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայք, Շիրակ, Արմավիր, Արարատ, մայրաքաղաք Երևանը, ինչպես նաև Վրաստանի հարավային շրջանները` Ջավախքի (Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ծալկայի շրջանները), Բոլնիսի, Մառնեուլիի, Թելավի շրջաններն ու Թբիլիսին, Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի հայաշատ վայրերը, Ադրբեջանի հայաբնակ վայրերը` Կիրովաբադ, Շամխոր: Ձայնադարանում առկա է Տաճկահայաստանից, արաբական և եվրոպական երկրներից, այդ թվում` Ռումինիայից, Բուլղարիայից Հայաստան ներգաղթած և այստեղ բնակություն հաստատած բանասացներից գրառված նմուշների ստվար քանակ` շուրջ 3.000 նմուշ, որոնք ներկայացնում են Արևմտյան Հայաստանը: Այսպիսով` Ձայնադարանի հնչյունային վավերագրերի հավաքածուն ընդգրկում է գրեթե ողջ Պատմական Հայաստանը` իր երաժշտական բնութագրով:
Ձայնադարանի ֆոնդի պարունակության ընդհանուր ծավալը ներկայացնում են 755 տուփ մագնիտոֆոնային ձայներիզները: Դրանցից 660 տուփը` շուրջ 12.981 նմուշ, ամփոփում են գիտարշավային ձայնագրություններ` նվագարանային երաժշտություն, երգեր, նաև բանահյուսական և ազգագրական նյութեր: 95 տուփերում ամփոփված են պրոֆեսիոնալ կատարողների` Կոմիտասի, Արմենակ Շահմուրադյանի, Շարա Տալյանի, Վահան Տեր-Առաքելյանի, ինչպես նաև Մուշեղ Աղայանի և Ռուբեն Թերլեմեզյանի կողմից ժողովրդական, աշուղական և կոմպոզիտորական ստեղծագործությունների կատարումներ` շուրջ 1.150 նմուշ: Ա.Քոչարյանի հավաքածուի աշուղական երգերը ձայնագրվել են նաև աշուղների` գուսան Շահենի, Ջիվանու, Շերամի, Հավասու և այլոց կատարմամբ:
Հարուստ ու բազմաժանր է Ձայնադարանը` ժողովրդական ստեղծագործության գեղջկական, աշուղական, քաղաքային, նվագարանային և հոգևոր ճյուղերը ներկայացված են վիպական, վիպաքնարական, ծիսական, կենցաղային, խոհական, խոհափիլիսոփայական, սիրային, աշխատանքային, կատակային, երգիծական, պարային, պարերգային և այլ ժանրերում: Ձայնադարանում պահպանվող նմուշների գերակշիռ մասը` 50%-ը` աշուղական ստեղծագործությունն է: Գեղջկականը կազմում է ամբողջի շուրջ 30%-ը: Քաղաքային երաժշտարվեստի նմուշների թիվը շուրջ 1.500 է, նվագարանային երաժշտությանը` 1.200: Մնացածը ներկայացնում են հոգևոր և միջանկյալ ճյուղերը: Ի դեպ, այս տվյալները բերվում են առ 1 ապրիլի 2010թ.: Դրանք հետագայում փոփոխվելու են, քանի որ Ձայնադարանն անընդհատ համալրվում է նորանոր նմուշներով:
Ձայնադարանն ունի հարուստ և գիտական խոշոր արժեք ունեցող ֆոնդեր: Առաջին ձայնագրությունները` թվով 500 նմուշ, կատարել է Քրիստափոր Քուշնարյանը, որը 1927-ին և 1929-ին ղեկավարել է Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտի` Հայաստանում ժողովրդական երգեր հավաքող գիտարշավները: Ձայնադարանի ֆոնդերի համալրման հաջորդ փուլը կապվում է Արամ Քոչարյանի` 1939-1942թթ. գիտարշավների հետ: Ա.Քոչարյանի ծավալուն հավաքածուն ընդգրկում է հայ ժողովրդական երգերի ու նվագների գրեթե բոլոր ժանրերը ներկայացնող ավանդական երգերի ու նվագների 924 նմուշ: Խոշոր հավաքածուներ են Սրբուհի Լիսիցյանի, Վարդան Սամվելյանի, Մաթևոս Մուրադյանի և Ալեքսանդր Թադևոսյանի ֆոնդերը: 1960-ականներից զգալի տեղ են գրավում Հ.Գրքաշարյանի, Մ.Մանուկյանի, Ռ.Աթայանի, Ա.Փահլևանյանի, Զ.Թագակչյանի, Կ.Խուդաբաշյանի, Դ.Դերոյանի, Ա.Մուրադյանի, Ն.Ջաուարիի, Հ.Պիկիչյանի գիտարշավային նյութերը: |