ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ 2016 թվականի սեպտեմբերի 30-ից - հոկտեմբերի 2-ը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնմեկերորդ նստաշրջանը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին: Ծրագիր:
Եռօրյա նստաշրջանի հինգ նիստերի ընթացքում ընթերցվեցին 37 զեկուցում, որոնցում ներկայացվեցին արվեստագիտության տարբեր գիտաճյուղեր. կերպարվեստագիտություն, երաժշտագիտություն, ճարտարապետության պատմություն, կինոգիտություն և թատերագիտություն:
Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը, իսկ նստաշրջանի մասնակիցներին ողջունեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Գիտական նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին երիտասարդ գիտնականներ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի պետական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից, «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից: Մասնակցեցին նաև երիտասարդ արվեստաբաններ Ֆրանսիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Նստաշրջանն անցավ ակտիվ քննարկումների և կառուցողական հարցադրումների առողջ մթնոլորտում:
Գիտաժողովի արդյունքներն ամփոփեց և եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:
Ծրագրի շրջանակում, 2016-ի հոկտեմբերի 27-ին, ժամը՝ 16:00, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայանալու է համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Համերգին կմասնակցեն գիտական աշխատանքով զբաղվող երիտասարդ երգիչներ, դաշնակահարներ և կոմպոզիտորներ: |